Թվում էր` միօրինակ օրեր են ինձ սպասվում. բարեբախտաբար ես սխալվեցի։ Օրը սովորական էր, սակայն առօրյան սովորական չէր։
Դէ սկզբի համար օրը սկսվեց երգով, ապա տառուսուցման ժամին վերհիշեցին մի քանի տառ ու սովորեցին 《ճ》տառը։

Ամբողջ ընթացքում սովորողները մի բանի մասին էին խոսում. լողավազան, լողի ժամ։ Իսկ ընկեր Մելինեն համբերատար լսում էր ու սովորեցնում համբերատար լինելու արվեստը. ճար չկար, ընկեր Մելինեի ձեռքից հեշտ պրծնել չի լինի, պետք է սպասել։
Հերթն հասավ ստուգատեսին։ Մաքուր օդում ծալապատիկ նստած անցկացվեց ռուսերենի և անգլերենի ստուգատեսը։

Չեմ կարող չկիսվել տպավորություններովս։ Մեկը չէ, երկուսը չէ, բոլորն էին մասնակցում ստուգատեսին։ Ամեն ինչ անցավ այնպես հեշտ ու սահուն, որ չհասցրինք անգամ աչք թարթել։
Մեզ արդեն նախաճաշն էր սպասում։
Որից հետո պարզեցինք, թե մայրիկները որտեղ են կորցրել իրենց ձագուկներին ( կովը, խոզը, այծը….)։
Վերջապես երանելի պահը մոտեցավ։ Բոլորը մի մարդու նման զգեստափոխվեցին ու առանց վայրկյան կորցնելու հայտնվեցին լողավազանի մոտ։ Իհարկե ընկեր Մելինեի ու ընկեր Անիի անմիջական հսկողությամբ։

Դէ այսքանից հետո էլ մի լավ քաղցած վիճակով վայելեցին` կրթահամալիրի հմուտ խոհարարների պատրաստած անուշաբույր ու շատ համեղ ճաշն ու ինձ հրաժեշտ տվեցին։